Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը

15.01.2021
Գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակը

   2021թ․ հունվարի 9-ին ուժի մեջ է մտել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով սահմանվում է, որ կոմիտե մուտքագրվող բոլոր չափագրման փաթեթները պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:

 Հունվարի 14-ից կոմիտեի https://www.e-cadastre.am/  էլեկտրոնային հարթակում գործարկվել է չափագրողների առցանց գրասենյակի փորձնական տարբերակը, որը նախատեսված է քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական ստացած անձանց գործունեությունը համակարգելու, հաշվառման արդյունքում ստացված տվյալները կադաստրի համակարգ ավտոմատացված եղանակով մուտքագրելու և փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելու համար։

  Չափագրողների առցանց գրասենյակի ներդրումը կադաստրի համակարգում ունի մի շարք առավելություններ և հնարավորություններ արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար.

  • հաշվառվող օբյեկտի վերաբերյալ տվյալների մուտքագրում առցանց համակարգում ՝ բացառելով տվյալների ոչ ամբողջական լրացում,
  • գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ժամանակի և միջոցների խնայողություն․ կվերանա հատակագծերը թղթային և էլեկտրոնային տարբերակով /կրիչների միջոցով/ կադաստրի սպասարկման գրասենյակ ներկայացնելու անհրաժեշտությունը,
  • սպասարկման գրասենյակների աշխատակիցները կազատվեն հատակագծային փաթեթների տեսաներածման և էլեկտրոնային ֆայլերի ներբեռնման աշխատանքներից, արդյունքում կկրճատվի չափագրման փաթեթներով պայմանավորված դիմումների ընդունման ժամկետները,
  • լրացված տվյալների ավտոմատացված փոխանցման հնարավորություն դեպի կադաստրի տվյալների բազա, որի արդյունքում կխնայենք հաշվառման տվյալների մուտքագրման բաժնի աշխատակիցների ժամանակը և կբացառենք տվյալների փոխանցման ընթացքում հնարավոր վրիպումները,
  • կազմված հատակագծերի պատճառով կասեցման վարույթի եզրակացության ծանուցում չափագրող կազմակերպությանը կամ անհատին՝ խնայելով քաղաքացիների և չափագրողների ժամանակը, նվազագույնի հասցնելով կադաստրի աշխատակից-քաղաքացի-չափագրող շփումը, նվազեցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, 
  • առցանց գրասենյակի գործարկմամբ կբացառվի  հետին ամսաթվով հատակագծերի թողարկումը։

  Տեղեկացնում ենք, որ ս․թ․ մարտի 9-ից չափագրման փաթեթները կոմիտե պետք է ներկայացվեն բացառապես չափագրողների առցանց գրասենյակի միջոցով։