Անշարժ գույքի գնահատում

Անշարժ գույքի գնահատում

Նախկինում անշարժ գույքի գնահատման գործունեությունն ընդգրկված էր «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բարդ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկում:

Այնուհետև «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-227-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել 2011 թվականի հունվարի 1-ից, «Անշարժ գույքի գնահատում» գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիան նախատեսվեց տրամադրել պարզ ընթացակարգով:

Անշարժ գույքի գնահատման ոլորտում շրջադարձային եղավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մշակված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-335-Ն օրենքի, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-336-Ն օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-338-Ն օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-337-Ն օրենքի ընդունումը: «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանվեց անշարժ գույքի գնահատման գործունեության տեսակը: Այսուհետ գործունեության այդ տեսակով զբաղվելու համար լիցենզիա չի պահանջվում: Եթե նախկինում անշարժ գույքի գնահատման աշխատանքները օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացնելու համար միայն լիցենզավորված անձի համար էր պատասխանատվություն սահմանվում, իսկ գնահատողը որևէ պատասխանատվություն չէր կրում, ապա ներկայումս պատասխանատվություն է սահմանվում հենց գնահատման աշխատանքները կատարած որակավորված անձի` գնահատողի համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմին սահմանելու մասին» N 2277-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման գործունեությունը կարգավորող, ինչպես նաև ֆիզիկական անձանց որակավորող և հսկողություն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է (այսուհետ` կոմիտե):

Անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման ստուգումը (այսուհետ՝ որակավորում) կազմակերպում և իրականացնում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը՝ որակավորման քննությունների միջոցով, որն անցկացվում է առնվազն մեկ անգամ՝ յուրաքանչյուր 3 ամսվա ընթացքում, այդ մասին հայտարարությունը մեկ ամիս առաջ հրապարակելով կոմիտեի պաշտանական կայքում (info@cadastre.am):

Որակավորման ստուգումն իրականացվում և արդյունքներն ամփոփվում են համակարգչի միջոցով: Որակավորման արդյունքների հրապարակումից հետո որակավորման հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ կոմիտեի ղեկավարի հրամանով հայտատուին տրամադրվում է անշարժ գույքի գնահատման մասնագիտական որակավորման վկայական (անժամկետ):

Լիազոր մարմնի կողմից սեղծված մասնագիտական հանձնաժողովը իրականացնում է հսկողություն անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց և գնահատողների կողմից «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, գնահատման ստանդարտների և օրենսդրությամբ սահմանված կարգերի, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ:

Գնահատողի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` կոմիտեի նախագահի հրամանով: Որակավորման վկայականի գործողության կասեցում օրենքով չի նախատեսվում, հանվել է պարտադիր վճարովի դասընթացներին գնահատողների մասնակցության վերաբերյալ նախկինում եղած պահանջը: Օրենսդրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը լրացվել է 169.20-րդ, 169.21-րդ, 169.22-րդ և 244.15-րդ հոդվածներով, որոնցով պատասխանատվություն է նախատեսվել անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց կողմից գնահատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելուց կամ աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո դրանց պատճենները լիազոր մարմին չներկայացնելու, անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը չորակավորված անձի կողմից ստորագրելու և չորակավորված անձի կողմից ստորագրված անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը հաստատելու համար: Սահմանվել է նաև, որ նշված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է անշարժ գույքի գնահատման գործունեության ոլորտը կարգավորող և հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:

Անկախ գնահատողների մասնակցությամբ կոմիտեի կողմից, բարեփոխված «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և գնահատման ստանդարտների միջազգային խորհրդի կողմից հաստատված գնահատման միջազգային ստանդարտների պահանջների հիման վրա մշակվել է անշարժ գույքի գնահատման նոր ստանդարտ, որը «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ընդունվել և գործողության մեջ է դրվել 2012 թվականի հուլիսի 1-ից:

  • 2012 թվականի փետրվարի 1-ի N 27-Ն հրաման
    149 KB
  • 2020 թվականի հունիսի 5-ի N 111-Լ հրաման
    1 MB
  • Կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 296-Լ հրաման
    256 KB
  • Թեմատիկ հարցաշար
    3 MB
  • Հարցաշար
    295 KB